ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՎԵՐՋՆԱԳԻՐ. ԻՆՉՈՒ ՉԵՆ ԱՎԱՐՏՎԵԼՈՒ ԲԱՔՎԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Ամեն անգամ, երբ հայկական կողմի լռությունը կամ հերթական զիջումը հաջորդում է Բաքվի հայտարարություններին, ադրբեջանական կողմը ստանում է միանշանակ ազդանշան. ճնշումը գործում է։ Վերջին տարիներին դա դարձել է ակներևական. Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի քաղաքականությունը կառուցված է հետևողական պարտադրանքի տրամաբանությամբ։ Խոսքը համակարգային ռազմավարության մասին է, որտեղ յուրաքանչյուր նոր պահանջ դառնում է լոկ դեպի հաջորդը տանող աստիճան։

Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակում են հստակ հայտարարություն՝ «Հայաստանի միայն սահմանադրության խմբագրումը քիչ է»։ Որպես հաջորդ նպատակ նշվում է 2023 թվականի նոյեմբերին ընդունված «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարությունը»։ Պահանջները ձևակերպվում են բացահայտորեն. Բաքվի կարծիքով, Հայաստանը պարտավոր է վերանայել ոչ միայն պետության իրավական հիմքերը, այլև սեփական պատմական և մշակութային ինքնությունը։

Ադրբեջանական պարբերականներն իբրև «հատուկ ուշադրություն» են նշում Ռազմավարության մեջ օգտագործված տերմինաբանությունը՝ «Ադրբեջանի պատերազմը Ղարաբաղի դեմ», «ագրեսոր», «մշակութային ցեղասպանություն» ձևակերպումների կիրառումը։ Այդ սահմանումներն անթույլատրելի են հայտարարվում 2022 թվականի Պրահայի գագաթնաժողովից հետո, քանի որ, ըստ նրանց, Հայաստանը դրանով «հրաժարվում է հաշվի առնել իրավական նոր իրականությունը» և պետք է «վերաիմաստավորի սեփական դերը», ներառյալ «ադրբեջանական տարածքների բազմամյա բռնազավթման փաստը»։

Այսպիսով, հարցականի տակ է դրվում Ղարաբաղում հազարամյա ներկայության մասին խոսելու հայերի իրավունքը։ «Հայաստանի Հանրապետության մշակույթի պահպանության, զարգացման և հանրահռչակման 2023-2027 թվականների ռազմավարության» էթնոքաղաքական բաղադրիչը հայտարարվում է բախումնային, իսկ «պատմական նարատիվները»՝ վտանգավոր։ Տրամաբանությունը պարզ է. այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի տարածքի մաս, Բաքուն ոչ միայն չնվազեցրեց ճնշման աստիճանը, այլև հետևողականորեն ընդարձակեց դրա ուղղությունները։ 2023 թվականի սեպտեմբերի ռազմական ագրեսիան, որը հանգեցրեց Արցախի իսպառ հայաթափությանը, ուղեկցվում էր զուգահեռ քաղաքական-գաղափարական գրոհով՝ արդեն պետական ինստիտուտների մակարդակով։

Այդ քաղաքականության առանցքային տարրը դարձավ Հայաստանին ուղղված մեղադրանքը «խաղաղության օրակարգին չհամապատասխանելու» մեջ։ Ցանկացած ձևակերպում, որը չի համընկնում Բաքվի պաշտոնական նարատիվի հետ, ինքնաբերաբար հայտարարվում է խաղաղության համաձայնագրի ոգու խախտում։ «Ագրեսիա», «մշակութային ցեղասպանություն» եզրույթները, Արցախում հայկական պատմական ներկայության բուն հիշատակումն անհամատեղելի են համարվում խաղաղության հետ, այն դեպքում, երբ Ադրբեջանն ինքը նույն այդ ժամանակ առաջ է մղում շատ ավելի արմատական հայեցակարգեր։

Խոսքը զուգահեռ իրականության ձևավորման մասին է։ Հայաստանից պահանջում են վերանայել ոչ միայն արտաքին քաղաքականությունը, այլև հիշողությունը, լեզուն, մշակութային ինքնությունը։ Ընդ որում Բաքվի սեփական ռևիզիոնիստական գործողությունները ջանադրաբար դուրս են բերվում քննարկման շրջանակներից։

Առավել ցուցանշական օրինակը «Արևմտյան Ադրբեջանի» հետևողականորեն ինստիտուտայնացվող հայեցակարգն է։ Այդ տերմինի տակ պաշտոնական փաստաթղթերում, խորհրդարանական հայտարարություններում և միջազգային արշավներում նկատի է առնվում ներկայիս Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը։ Ադրբեջանի խորհրդարանում համապատասխան փաստաթղթերի ընդունումը, հատուկ աշխատանքային խմբերի ստեղծումը, «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վերաձևաչափումը, ինչպես նաև արտահոսքերը, որոնք բացահայտում են այդ արշավի անմիջական համակարգումն Ալիևի ռեժիմի կողմից, վկայում են քաղաքականության կենտրոնացված և երկարաժամկետ բնույթի մասին։

2023 թվականին Կառնեգի հիմնադրամի տարածաշրջանային փորձագետ Թոմաս Դե Վալը «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը պարզ անվանեց իռեդենտիստական։ Նույն թվականի սեպտեմբերին նա զգուշացնում էր, որ նախքան բանակցությունների մեկնարկը Ղարաբաղում հայկական կառույցների լուծարման Բաքվի պահանջները կապիտուլյացիայի կոչ են և նոր արյունահեղության վտանգ են ստեղծում։