Ինչպե՞ս են պատմաբանները նկարագրելու այն իրավիճակը, որում մենք ապրում ենք վերջին յոթուկես տարիներին։ Ի՞նչ են գրելու մեր՝ այս աներևակայելի այլանդակությունն ու խայտառակությունը հանդուրժող հայաստանցիների և Սփյուռքի ներկայացուցիչների մասին։ Ինչպե՞ս են անվանելու դավաճանների ոհմակի հանցակիցներին, օրինակ՝ Օպերայի և բալետի թատրոնի տնօրենին, որը հպարտանում է իր ազգականով, և համատեղության կարգով տեղակալով, որը դեկտեմբերի 18-ին մագլցել է Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի մուտքի խոյակին և կոչ արել իր հանցակից խուլիգաններին ու սրբապղծներին գրոհել սրբավայրը։
Այս կարգի հարցերը կարելի է տալ անվերջ, և դրանց պատասխանները կախված կլինեն բազմաթիվ գործոններից, որոնցից ամենագլխավորն այն է, թե կմնա արդյոք Հայաստանն այնպիսին, ինչպիսին ճանաչել է նրան մարդկության պատմությունը հազարամյակներ շարունակ, թե՞ կանցնի մոռացության գիրկը, թույլ տալով թշնամիներին իրականացնել իրենց դարավոր ծրագրերը։ Բայց մեկ բան անվիճելի կլինի ապագա պատմաբանների համար. գնահատականը՝ նրանց, ովքեր զոհվեցին հանուն Հայրենիքի, և նրանց, ովքեր գիտակցաբար գնացին ինքնազոհ քայլի հանուն իրենց ժողովրդի։
Նրանք, ովքեր հայտնվեցին Բաքվի բանտերում և նույնիսկ այնտեղ, չնայած աներևակայելի տառապանքին ու կտտանքներին, կարողացան մնալ Մարդ։ Ռազմիկ, որը պաշտպանում է իր համոզմունքները, սկզբունքները և ճշմարտությունը։ Ծանրագույն պայմաններում անձնական և ազգային արժանապատվությունը պահպանած մարտիկ։ Այն արժանապատվությունը, որ մենք կորցնում ենք ամեն օր ու ամեն ժամ՝ նվաստացում ու ամոթի զգացում ապրելով մեր երկրի համար, մեր Հայրենիքն աշխարհում ներկայացնող ղորմելի ու փտած արարածի համար, որն ամենաստոր, զազրելի հատկանիշների և ամենամեղսավոր ցանկությունների կենտրոնակետն է։
Արդեն երրորդ տարին է՝ Բաքվի զնդաններում են Արցախի ռազմա-քաղաքական էլիտայի ներկայացուցիչները, և դժոխքի արդեն վեցերորդ տարին է նրանց համար, ովքեր հայտնվել են այնտեղ 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Առ այսօր չկան նրանց գերեվարման հետ կապված բազմաթիվ հարցերի հստակ և վկայությամբ հաստատված պատասխանները։ Ինչպես որ չկան պատասխաններն այն հարցերի, որոնք կապված են Արցախի Հանրապետության նախկին և վերջին այն ներկայացուցիչների հետ, որոնք խուսափել են գերությունից։
Օրինակ, ինչո՞ւ գերեվարեցին Պաշտպանության բանակի նախկին ղեկավարներին, բայց ազատ արձակեցին նրա վերջին հրամանատարին, ինչպես նաև այն հրամանատարներին, ովքեր երկար տարիներ հարուցել են Բաքվի առանձնակի ատելությունը և նշանառության տակ եղել դեռևս Արցախյան առաջին ազատամարտի ժամանակներից։ Նրանցից ոմանց այսօրվա պահվածքը տալիս է դրա բացատրությունը, այդուհանդերձ ընդհանուր պատկերը մշուշոտ է մնում։ Եվ գուցե գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու Հայաստանի թուրքամետ ռեժիմը չի ցանկանում ամենահայտնի գերիներից ութի վերադարձը, ամփոփված է այդ փաստերն ընդմիշտ թաքցնելու հուսահատ ցանկության մեջ։
Այդուհանդերձ ժամանակի ընթացքում ի հայտ են գալիս ավելի ու ավելի շատ մանրամասներ, թե ինչ է կատարվել իշխանական միջանցքներում հայկական Արցախի վերջին օրերին։ Բոլորովին վերջերս որոշ մանրամասներ պատմեց հանրապետության վերջին նախագահը։ Նրա խոսքերով, ի սկզբանե կար այն մարդկանց ցուցակը, ում Բաքուն ցանկանում էր ստանալ 120 հազարանոց բնակչությանն առանց խնդիրների Հայրենիքը լքել թույլ տալու դիմաց, սակայն ցուցակն այնուհետև ենթարկվել է որոշ փոփոխությունների. ոմանց անունը ջնջել են, ոմանցն՝ ավելացրել։
Այս փաստերը հասանելի են ցանկացածի համար, և դրանք պետք է հասկանալ։ Ընդգծենք միայն գլխավորը. բոլոր այդ մարդիկ տեղեկացված են եղել Ադրբեջանի պայմանների մասին, և նրանք բոլորն անխտիր չեն թաքնվել, չեն փորձել փախչել ինչ-որ այլընտրանքային ճանապարհներով՝ բացի տրամադրված միջանցքից, թեև ոմանք ունեին այդ հնարավորությունը։ Նրանք մնացել են մինչև վերջին պահը՝ փրկվելու հնարավորություն տալով հայրենակիցներին, և ինքնակամ հանձնվել են կամ թույլ տվել գերեվարել իրենց։ Գիտակցելով, որ իրենց որոշումից է կախված տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը։
Սրանք փաստեր են, որոնք արդեն ապացուցման կարիք չունեն, որքան էլ ճգնի նիկոլական քարոզչությունը և ինչ նողկալի սուտ էլ փորձի տիրաժավորել նրանց մասին. «Մոսկվայի պրոյեկտից» մինչև «հրաժարում իրենց