«Ռենշին» ընկերությունը առաջին անգամ թողարկում է պարտատոմսեր, տեղաբաշխողն է Ամերիաբանկը

«Ռենշին» քաղաքաշինական-ներդրումային ընկերությունը հայտարարում է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է Ամերիաբանկը։

«Ռենշին»-ը ավելի քան 24 տարվա պատմություն ունեցող ընկերություն է, որը իր գործունեության ընթացքում իրականացրել է շուրջ 1 միլիոն քառակուսի մետր բարձրակարգ կառուցապատում։ Ընկերությունը միջազգային հեղինակավոր գործընկերների հետ համատեղ իրականացնում է մի շարք խոշոր նախագծեր, այդ թվում՝ Artlife Kempinski Residences, Skyline և WTCY։

Պարտատոմսերի թողարկման առթիվ «Ռենշին»-ի ֆինանսական տնօրեն Քրիստինե Չիչյանը նշում է․ «Նման գործիքների կիրառումը նպաստում է կապիտալի շուկայի և իրական սեկտորի միջև ինստիտուցիոնալ կապի ամրապնդմանը, որտեղ ներդրումային ռեսուրսներն ուղղվում են իրական ակտիվների ստեղծմանը և երկարաժամկետ տնտեսական արժեքի ձևավորմանը։ Ռենշինի կողմից թողարկվող պարտատոմսերը ոչ միայն ներդրումային հնարավորություն են, այլև քաղաքաշինության ոլորտում ֆինանսավորման այլընտրանքային գործիքների կիրառության ընդլայնման կարևոր խթան, որը կարող է նպաստել ներդրումային միջավայրի ակտիվացմանը»։

Թողարկված պարտատոմսերի ընդհանուր ծրագրային ծավալը կազմում է 10 միլիարդ ՀՀ դրամ։ Դրանք թողարկվել են երեք սերիաներով՝ Հայաստանի դրամով և ԱՄՆ դոլարով։

Սերիա 1: 2,300,000,000 ՀՀ դրամ, 12% արժեկտրոնային եկամտաբերություն, 3 տարվա շրջանառության ժամկետ։
Սերիա 2: 10,000,000 ԱՄՆ դոլար, 8% արժեկտրոնային եկամտաբերություն, 3 տարվա շրջանառության ժամկետ։
Սերիա 3: 10,000,000 ԱՄՆ դոլար, 8․5% արժեկտրոնային եկամտաբերություն, 5 տարվա շրջանառության ժամկետ։

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը դրամային պարտատոմսերի դեպքում կազմում է 1,000,000 ՀՀ դրամ, իսկ դոլարային պարտատոմսերի դեպքում՝ 10,000 ԱՄՆ դոլար։ Ձեռքբերման նվազագույն քանակը դրամային պարտատոմսերի դեպքում 10 հատ է, իսկ դոլարային պարտատոմսերի դեպքում՝ 2 հատ։ Բոլոր սերիաների դեպքում արժեկտրոնների վճարման պարբերականությունը 6 ամիս է։

Պարտատոմսերի տեղաբաշխման ժամանակահատվածն է 2026 թվականի փետրվարի 2-ից մինչ 2026 թվականի մայիսի 29-ը ներառյալ։

Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել առցանց՝ Ամերիաբանկի MyAmeria հավելվածի MyInvest ներդրումային հարթակի միջոցով, կամ այցելելով Ամերիաբանկի որևէ մասնաճյուղ և լրացնելով հայտ-հանձնարարականը, կամ ուղարկելով լրացված հայտ-հանձնարարականի ձևն Ամերիաբանկի էլեկտրոնային հասցեին՝ capitalmarkets@ameriabank.am։

Տեղաբաշխումից հետո ընկերությունը դիմելու է Հայաստանի ֆոնդային բորսա պարտատոմսերը ցուցակելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։

Պարտատոմսերի ձեռքբերման կարգին, ծրագրային ազդագրի, թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակին և պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ հայտարարությանը կարելի է ծանոթանալ ծրագրային ազդագրի էջում։ Թողարկողի և առաջարկվող պարտատոմսերի բոլոր մանրամասները, ինչպես նաև դրանց առնչվող ռիսկերը ներկայացված են ծրագրային ազդագրում։

«Ռենշին» ՍՊԸ պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի հունվարի 21-ի թիվ 1/29 Ա որոշմամբ։

«Ռենշին»-ը քաղաքաշինական-ներդրումային ընկերություն է, որի կողմից իրականացվում է շուրջ 1 միլիոն քառակուսի մետր բարձրակարգ կառուցապատում, իսկ ընդհանուր ներդրումների ծավալը գերազանցում է 1 մլրդ ԱՄՆ դոլարը։

2024 թվականի վերջի դրությամբ «Ռենշին» ընկերության ընդհանուր ակտիվները կազմել են 102.6 մլրդ ՀՀ դրամ, իսկ սեփական կապիտալը՝ շուրջ 20 մլրդ ՀՀ դրամ։