Փաշինյանի «Համատեղ ճանապարհային քարտեզ»-ի վտանգները

Օրերս Գերմանիայում իր հանդիպումների ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ շատ վտանգավոր հայտարարություն էր արել՝ առաջարկելով Ադրբեջանին ընդունել համատեղ ճանապարհային քարտեզ՝ փակելով «Արևմտյան Ադրբեջան» և «Ղարաբաղի հայերի վերադարձ» թեմաները։ Այս հայտարարությունը, որը հակիրճ կարելի է բնութագրել որպես «արջի ծառայություն մատուցել» Ալիևին, ոչ միայն կոծկում է Ադրբեջանի իրական զավթողական նպատակները, այլև դրանց տրվում է վտանգավոր «լեգիտիմություն»։

Այս հայտարարության վտանգավորությունը պետք է դիտարկել մի քանի կետով։

Պատճառահետևանքային կապի մասով

Այս հարցը շրջանառության մեջ է մտել Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց։ Ադրբեջանցի պաշտոնյաներ շատ ուղիղ տեքստով են ասել, որ նման հարցեր չէին կարող բարձրաձայնել, քանի դեռ կար ԼՂ հիմնահարցը։ Այս պահը կարևոր է, քանի որ ցույց է տալիս, որ Փաշինյանը, փաստացի, հերթական անգամ այն, ինչ կարելի էր ուղղել Ադրբեջանի դեմ, ուղղում է մեր դեմ։

Ադրբեջանի զավթողական հայեցակարգը, որը պնդում է, թե «հայկական պետությունը ձևավորվել է պատմական ադրբեջանական հողերի վրա, որոնք խլել են ադրբեջանցիներից», արդեն տևական ժամանակ կրթվում է ադրբեջանական հասարակության մեջ։ Այս հայտարարությունը, որը ադրբեջանական մեդիայում արդեն մերժվել է, ոչ միայն հաստատում է այս զավթողական հայեցակարգը, այլև դարձնում է այն ավելի վտանգավոր՝ դնելով այն միևնույն հարթության մեջ՝ ամրագրված ու միջազգայնորեն հաստատված Արցախի հայերի իրավունքների հետ, որոնք ենթարկվել են ագրեսիվ պատերազմի, էթնիկ զտման ու բռնի տեղահանման։

Ինչու է սա մեր դեմ ուղղված

Այս առաջարկը, որը կարելի էր դարձնել Ադրբեջանի մեծագույն գլխացավանքը, փոխարենը դառնում է մեր հանրության համար հերթական ծանր փորձարկում։ Փաստացի, Փաշինյանը հերթական անգամ ապացուցում է իր անկարողությունը հարցեր լուծելու և մղում է մեր երկիրը դեպի ավելի վտանգավոր իրադրություն։

Այս պահին, երբ իշխանությունը չի կարող կանխել ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը, Փաշինյանի նման քայլերը ոչ թե խաղաղություն են բերում, այլ ստեղծում են նոր, ավելի բարդ խնդիրներ։ Իրականում, նման քաղաքականությունը կարող է հանգեցնել այն բանին, որ ոչ մի շարքային ադրբեջանցի ՀՀ չի գալու, բայց ՀՀ կգան հատուկ պատրաստված խմբեր՝ հստակ զավթողական ծրագրերով։ Սա չափազանցություն չէ, այլ բաց աղբյուրների վերլուծության հիման վրա արված եզրակացություն է։

Այս ամենը կարելի էր կանխել ժամանակին, խելքով ու աշխատանքով։ Բայց ներկայիս իշխանությունը դա չի անելու։ Պետականամետ իշխանության ձևավորման պարագայում այս հարցը միանգամայն լուծելի է, քանի որ իրավունքն ու փաստերը մեր ձեռքին են։