ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ եթե 2024 թվականի մարտից հայ-ադրբեջանական սահմանին փոխհրաձգության հետևանքով զոհեր չկան, ապա դա «հանգամանքների պատահական բերում չէ», այլ «2021 թվականի արտահերթ ընտրություններում կառավարությանն ու խորհրդարանական մեծամասնությանը ժողովրդի պատվիրակած ռազմավարության իրականացում»։
Հասկանալի է, թե ինչու Ալիևը չի կրակում 2024-ի մարտից ի վեր։ Բայց Նիկոլ Փաշինյանին ու իր «զոմբի թիմին» կհիշեցնեմ. որովհետև շնորհիվ Նիկոլ Փաշինյանի, մեծապես շնորհիվ Նիկոլ Փաշինյանի, Ալիևը 2023-ի սեպտեմբերին լուծեց իր գլխավոր խնդիրը. ամայացրեց հայկական Արցախը։
Այո, Ալիևը Հայաստանի նկատմամբ պահանջների դեռ մի տրցակ էլ ունի, բայց Փաշինյանը Ադրբեջանի նախագահին համոզել է, որ այդ պահանջները բավարարելու համար բնավ պարտադիր չէ պատերազմել։ Իրականում ինքը՝ Փաշինյանը, անձամբ կբավարարի Ալիևի բոլոր պահանջները ժամանակի ընթացքում։