Հայաստանի դատարանները ճանաչել են անվավեր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության շուրջ երեք տասնյակ աշխատակիցների աշխատանքային պայմանագրերը լուծարելու հրամանները։
Ընդհանուր առմամբ, դատական գործերն ավելի քան 50-ն են, որոնցից 23-ը «Bas law group» փաստաբանական ընկերության կողմից են վարվում։ Ըստ փաստաբանական ընկերության ավագ իրավախորհրդատու, փաստաբան Հայկուհի Սեդրակյանի տեղեկացմամբ՝ դատարանները չեն հաստատել հրամանների իրավաչափությունը։
«ՀԷՑ-ը դատարանում չի կարողացել ներկայացնել այնպիսի ապացույցներ, որոնք կհավաստեին հրամանների իրավաչափ լինելը։ Մենք ունենք ընդամենը մեկ գործ, որով հրամանի անվավերությունը չի ճանաչվել։ Քանի որ մենք պահանջում ենք աշխատողներին աշխատանքի վերականգնել, իսկ մեծ մասի դեպքում դատարանները այդ պահանջները չեն բավարարում, մենք վերաքննիչ բողոքներ ենք ներկայացնում։ ՀԷՑ-ն էլ իր հերթին է վերաքննիչ բողոքներ ներկայացնում՝ պնդելով, որ դատարանները օրենքի դրույթները ճիշտ չեն գնահատել, և պետք է ազատման հրամանները իրավաչափ ճանաչվեն», – ասաց Սեդրակյանը։
Նրա խոսքով՝ աշխատակիցների պահանջներն ընդգրկում են նաև փոխհատուցում հարկադիր պարապուրդի համար, ինչպես նաև տույժեր։ Քանի որ դատական պրոցեսները կարող են երկարատև լինել, փոխհատուցման գումարը կարող է հասնել հարյուրավոր միլիոն դրամների։
«Հաշվի առնելով այս հանգամանքը, հարյուրավոր միլիոն դրամների գումարի բռնագանձումը հօգուտ աշխատակիցների հնարավոր է, ինչը ուղիղ վնաս է հասցնում ընկերության սեփականատերերին», – նշել է փաստաբանը։
Այժմ կողմերը սպասում են Վերաքննիչ դատարանի որոշումներին։