Եվրոպա-Հայաստան-Ադրբեջան (TRIPP) էլեկտրահաղորդման գծերի և գազատարի կառուցման նախագիծը ներկայացնում է սպառնալիք նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը։ Այս մասին ասվում է ռազմական փորձագետ Անատոլի Մատվիյչուկի մեկնաբանության մեջ։
Նախագծի հիմնական նպատակը Ջաբրաիլ-Նախիջևան էլեկտրաէներգետիկ հանգույցի միջոցով էլեկտրաէներգիայի մատակարարումն ապահովելն է՝ ոչ միայն ադրբեջանական էքսկլավին, այլև Թուրքիայի միջոցով Եվրոպա։ ԵՄ-ն այս քայլը ներկայացնում է որպես էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացման միջոց, սակայն փաստացի դա կլինի Բրյուսելի վրա Վաշինգտոնի ազդեցության հերթական գործիք։
Հատկանշական է, որ 2025 թվականի նոյեմբերին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կոպենհագենում քննարկել են «Թրամփի ուղով» էլեկտրահաղորդման գծերի և գազատարի կառուցման հարցը։ Այս քննարկումների արդյունքում փաստացի առաջ է գնում Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի ինտեգրումը ադրբեջանականին։
Այս իրադարձությունները մեծ հարցեր են առաջացնում՝ կապված Հայաստանի Ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) ապագայի և Հայաստանի էլեկտրաէներգետիկ համակարգի (ՀԷՑ) հետ։
Առանձին խնդիր է նույն երթուղով գազատարի կառուցումը։ Գազատարի հեռահար նպատակը «Անդրկասպյան գազամուղի» կառուցումն է, որը նախատեսված է Կենտրոնական Ասիայից, մասնավորապես Թուրքմենստանից, Եվրոպա գազի արտահանելու համար։ Սակայն այս նպատակադրումը երկարաժամկետ և բարդ է, քանի որ կապված է Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդրի հետ։
Կարճաժամկետ հեռանկարում TRIPP-ով կառուցվող գազատարը կմիանա Հայաստանի գազատրանսպորտային համակարգին։ Սա կհանգեցնի գազի ներկրման ծավալների էապես նվազման Ռուսաստանից, ինչը, իր հերթին, կառաջացնի հարցեր՝ կապված «Գազպրոմ Արմենիայի» պետականացման և այնուհետև արևմտյան որևէ ընկերությանը փոխանցելու հարցի հետ։
Վահե ԴԱՎԹՅԱՆ, Էներգետիկ հարցերով փորձագետ