Ինչպես հայտնի է դարձել, Ազգային անվտանգության ծառայության ենթակայության ներքո գտնվող քննչական մեկուսարանից Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Արդարադատության նախարարության ենթակայության քրեակատարողական հիմնարկ՝ Բաքվի Ղարադաղի շրջանի Ումբակի բանտային համալիր։ Այս տեղեկությունը հայտնում է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավարը, ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Ըստ նրա՝ նմանատիպ տեղափոխություն է կատարվել նաև այլ հայ գերիների հետ։ Այս պահին չի հայտնի նոր հաստատությունում նրանց պահման պայմանների, առողջության և բժշկական օգնության հասանելիության մասին որևէ տեղեկություն։
«Իրավիճակը մտահոգիչ է, քանի որ տեղեկատվական թափանցիկության որևէ երաշխիք չկա։ Ընտանիքներին նախապես չեն հայտնել տեղափոխության մասին, իսկ դիտարկման և մոնիտորինգի միջոցով տեղեկություններ հավաքագրող կառույց չկա։ Սա ստեղծում է տեղեկատվական վակուում», – նշել է Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումից հետո, որը տեղի է ունեցել Ադրբեջանի կառավարության պահանջով, նմանատիպ տեղեկություններ ստանալու հնարավորությունը գրեթե բացակայում է։ Այս պահին ընտանիքի անդամների հետ հեռախոսազանգերը պահպանվում են, սակայն անմիջական տեղեկությունների մասին խոսք չի կարող գնալ։
Սիրանուշ Սահակյանը նաև անդրադարձել է դատավճիռների հարցին՝ նշելով, որ ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին մինչև օգոստոսի 31-ը դատավճիռները տրամադրել։ Սա կարող է խթան հանդես գալ փաստաթղթերի ստացման համար։
«ՄԻԵԴ-ը դարձել է կարևոր օղակ, քանի որ որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ գերիների առողջական վիճակի վերաբերյալ, ստացվում են հենց դատարանի գործունեության շնորհիվ։ Ավելին՝ տեղեկատվության սակավությունն ինքնին լուրջ մտահոգության առիթ է և կարող է դիտարկվել որպես խոշտանգումների վտանգ պարունակող հանգամանք», – եզրափակել է Սիրանուշ Սահակյանը։