Հայաստանյան հոգևորականների և հավատացյալների իրավունքների պաշտպանության կոչ

Մենք՝ Հայաստանի Հանրապետության ներքոստորագրյալ քաղաքացիներս, մեր անկեղծ աջակցությունն ենք հայտնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (ՀԱՍԵ), Վեհափառ Հայրապետ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին և բոլոր հոգևորականներին, որոնք հայտնվել են Նիկոլ Փաշինյանի կողմից սանձազերծած հակաեկեղեցական արշավի և հալածանքների թիրախում։

Գիտակցելով, որ այդ արշավը հակասում է ՀՀ Սահմանադրության և օրենսդրության սկզբունքներին, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, խստորեն դատապարտում ենք Փաշինյանի և նրա որոշ աջակիցների կողմից իրականացվող այս հանցավոր գործողությունները։

ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ ձեռնարկել հետևյալ միջոցառումները՝

Անհապաղ դադարեցնել ՀԱՍԵ, Վեհափառ Հայրապետի և հոգևորականների դեմ սանձազերծված արշավը և որևէ պատրվակով երբեք չմիջամտել Եկեղեցու ներքին կյանքին և ծեսերին։
Անհապաղ ազատ արձակել անազատության մեջ գտնվող հոգևորականներին և դադարեցնել նրանց ապօրինի քրեական հետապնդումը։
Վերադարձնել Մայր Աթոռի տնօրինությանը ապօրինաբար զավթված Թալինի Սբ Աստվածածին եկեղեցին, Մասիս քաղաքի Սբ Թադեոս եկեղեցին և հովվատունը։
Վերականգնել «Շողակաթ» հեռուստաընկերության հանրային կարգավիճակը և եթերը։
Վերականգնել Վեհափառ Հայրապետի Ամանորի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստատեսությամբ իր ավանդական ժամին (դեկտեմբերի 31-ի ժամը 23։40)։

Հաշվի առնելով, որ վերոնշյալ հակաեկեղեցական արշավը կոպտորեն խախտում է ՀՀ բազում քաղաքացիների՝ հոգևորականների և հավատացյալների, իրավունքները, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից պահանջում ենք կատարել իր լիազորությունները։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պահանջներն են՝

Ընդունել սույն հայտարարությունը որպես մարդու իրավունքների խախտման մասին բողոք և Նիկոլ Փաշինյանի սանձազերծած արշավի ընթացքում կատարված խախտումների քննություն նախաձեռնել՝ հոգևորականների և հավատացյալների ոտնահարված իրավունքների դեպքերը բացահայտելու և գրանցելու համար։
Պատրաստել և հրապարակել արտահերթ զեկույց՝ նախորդ կետով նկարագրված իրավունքների խախտումների վերաբերյալ։
Հրապարակային և աներկբա գնահատական տալ Նիկոլ Փաշինյանի և իր որոշ կողմնակիցների հանցավոր գործողություններին։
Տեղեկացնել դրանց մասին համապատասխան միջազգային գործընկերներին։

Ազգային ժողովի պատգամավորներից պահանջում ենք՝

Հրապարակավ և աներկբայորեն դատապարտել Նիկոլ Փաշինյանի և իր որոշ կողմնակիցների հանցավոր գործողությունները։
Ստեղծել քննիչ հանձնաժողով և քննել Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ և իշխանական այլ լծակների ապօրինի օգտագործումը հակաեկեղեցական և անձամբ Վեհափառ Հայրապետի դեմ ուղղված արշավում։

Հորդորում ենք ԵՄ անդամ երկրների պաշտոնյաներին դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները և պահանջել մարդու իրավունքների և կրոնական ազատությունների վերաբերյալ Հայաստանի ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում։

Առաջարկում ենք Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի տնօրենին շուտափույթ կերպով և բազմակողմանիորեն քննել ՀԱՍԵ հոգևորականների և հավատացյալների իրավունքների ոտնահարման փաստերը։

Այս հայտարարությանը կցված են հարյուրավոր հայտնի արվեստագետների, իրավապաշտպանների, լրագրողների, հանրային գործիչների և տարբեր ոլորտների մասնագետների ստորագրությունները։