ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «կառավարվող մրցակցության» պահպանումը պետք է համարել հաջողություն

Որպես Դոնալդ Թրամփի այսօրվա Չինաստան կատարած այցի հետևանքների վերլուծություն, պետք է առաջին հերթին ակնկալել ԱՄՆ-ի և Չինաստանի ժողովրդական հանրապետության (ՉԺՀ) հարաբերությունների կայունացման փորձ, այլ ոչ թե «մեծ պատմական համաձայնագիր»։ Օրակարգի հիմնական թեմաներն են՝ առևտուրը, տեխնոլոգիաները, հատկապես 5G-ն, Թայվանի շուրջ իրավիճակը, Իրանի հակամարտության հետ կապված հարցերը և համաշխարհային տնտեսությունն ու հաղորդակցությունները։

Ամենահավանական զարգացումներից մեկը «առևտրային հրադադարի» երկարաձգումն է։ Փոխադարձ սպառնալիքներից հետո՝ երկու կողմերն էլ շահագրգռված են գոնե ժամանակավորապես նվազեցնել լարվածությունը։ Այս հարցում արդեն իսկ հաջողություն պետք է համարել աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև «կառավարվող մրցակցության» պահպանումը։

Ամերիկյան կողմը ձգտում է ստանալ մի քանի կոնկրետ արդյունք։ Դրանցից են՝ Չինաստանի կողմից ամերիկյան ապրանքների գնումների ընդլայնումը, հազվագյուտ մետաղների կայուն մատակարարումների ապահովումը և ճնշումների թուլացումը ամերիկյան բիզնեսի նկատմամբ։ Իր հերթին, Չինաստանը փնտրում է ԱՄՆ-ի կողմից չիպերի և բարձր տեխնոլոգիական ապրանքների արտահանման սահմանափակումների թուլացում։

Ընդհանուր առմամբ, բեկումնային արդյունքներ պետք չէ ակնկալել։ Առևտրային պատերազմի ռիսկերի նվազեցման հարցում, սակայն, արդեն իսկ ձեռքբերված կայունությունը հաջողություն է։

Թայվանի հարցում վերջնական որոշումներ կամ զգալի փոփոխություններ հնարավոր չեն։ Սա ամենազգայուն թեմաներից է։ Պեկինը կպահանջի նվազեցնել Թայվանին ցուցաբերվող ամերիկյան աջակցությունը, սակայն Թրամփի հնարավորությունները այս հարցում սահմանափակ են՝ ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշման պատճառով։

Նախագահ Թրամփը կփորձի Չինաստանին ներգրավել կամ գոնե պայմանավորվել Իրանի նկատմամբ ճնշում գործադրելու հարցում։ Վաշինգտոնը շահագրգռված է, որպեսզի Պեկինն օգնի նվազեցնել Հորմուզի նեղուցի շուրջ ռիսկերը և ազդեցություն գործադրի Թեհրանի վրա։ Այս հարցում հաջողության հավանականությունը կապված է տեխնոլոգիաների և պատժամիջոցների շուրջ հարցում ձեռքբերվելիք պայմանավորվածությունից։

Քաղաքական առումով այցը կարևոր է նաև այն պատճառով, որ սա երկար տարիներից հետո Թրամփի առաջին լիարժեք այցն է Չինաստան։ Երկու կողմերն էլ ցանկանում են ցույց տալ, որ կարող են պահպանել ուղիղ երկխոսությունը՝ չնայած գոյություն ունեցող հակադարձություններին և ռեգիոնալ հակամարտությանը։

Աշխարհի համար գլխավոր հարցն այն է, թե արդյոք ներկայիս ամերիկա-չինական մրցակցությունը կվերածվի երկարատև «սառը տնտեսական հակամարտության», թե՞ կողմերը կկարողանան այն պահել վերահսկվող շրջանակներում։ Թրամփի այս այցն՝ ամենայն հավանականությամբ, վերաբերում է երկրորդ տարբերակին։